ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների
Ռուսաստանում գերության մեջ մահացած ուկրաինացի լրագրող Վիկտորյա Ռոշչինայի մահվան պատճառ ռուսական պաշտոնական փաստաթղթերում նշվել են սրտի հիվանդությունն ու թոքերի այտուցը։ Նա 27 տարեկան էր։ Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայությունը՝ ուսումնասիրելով «Ռոսստատի» արտահոսած տվյալները։
Լրագրողները պարզել են, որ «Ռոսստատի» գրանցամատյանում Ռոշչինայի մասին առաջին գրառումը հայտնվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Սկզբում որպես մահվան ամսաթիվ նշվել է դեկտեմբերի 16-ը, որն ավելի ուշ փոխվել է սեպտեմբերի 19-ի։ Մահվան պատճառն ու տեսակը չեն նշվել։
2025 թվականի փետրվարին որպես մահվան պատճառ նշվել է «սրտամկանի դիստրոֆիան»՝ սրտամկանի հյուսվածքի ախտահարումը։ Փետրվարի 11-ին՝ լրագրողի մարմինն Ուկրաինային հանձնելուց երեք օր առաջ, մահվան տեսակը նշվել է որպես «հիվանդություն»։ Մահվան հիմնական պատճառը մնացել է սրտամկանի դիստրոֆիան, իսկ անմիջական պատճառ է նշվել թոքերի այտուցը։
Վիկտորյա Ռոշչինան գերեվարվել էր 2023 թվականի օգոստոսին՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Էներգոդար քաղաքում։ Նա որպես «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի անկախ հեղինակ մեկնել էր Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքներ՝ ռեպորտաժ պատրաստելու նպատակով։
Մի քանի ամիս շարունակ Ռոշչինային պահել են տարբեր քաղաքների ոստիկանության բաժանմունքներում և մեկուսարաններում՝ ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանում։ Ականատեսների վկայությամբ՝ գերության ընթացքում լրագրողին խոշտանգել են, նրա քաշը նվազել է մինչև 30 կիլոգրամ, և նա չի կարողացել քայլել առանց կողմնակի օգնության։
Նախատեսվում էր լրագրողին ընդգրկել 2024 թվականի սեպտեմբերին ռազմագերիների փոխանակման ցուցակում, սակայն Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին նրա մահվան մասին։
Խոշտանգումների հետքերով լրագրողի մարմինն Ուկրաինային է հանձնվել 2025 թվականի փետրվարին։ Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ լրագրողին պահել են Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի քննչական մեկուսարանում։ Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ Տագանրոգի մեկուսարանում գտնվելու ընթացքում լրագրողի ծոծրակոսկրը կոտրվել է։
Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Ռոշչինայի մարմինն Ուկրաինային է հանձնվել առանց որոշ ներքին օրգանների։ Փորձագետները ենթադրել են, որ այդ կերպ ռուսական կողմը փորձել է թաքցնել խոշտանգումների կամ խեղդամահության հետքերը։


