Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Range Rover»-ում. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն էԼուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։




