96 տոկոսանոց սպիրտով այրել է ամուսնուն․ Արմավիրում ընտանեկան վեճն ավարտվել է uպանությամբ
Արմավիրի մարզում ամուսնական վեճը ողբերգական ավարտ է ունեցել․ կինը, նախ ծեծի ենթարկելով ամուսնուն, ապա նրա մարմնին ու հագուստին 96 տոկոսանոց սպիրտ լցնելով՝ հրկիզել է։ Տղամարդը մահացել է, իսկ կինը կալանավորվել է։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսին։ Ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին։
Սակայն կնոջ գործողությունները դրանով չեն սահմանափակվել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա ամուսնուն քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96 տոկոս խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին և հագուստին, ապա լուցկու միջոցով այրել նրան։
Տղամարդը մահացել է, իսկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կինը կալանավորվել է։
Թե ինչ անձնական հարցի շուրջ է ծագել ամուսինների միջև վիճաբանությունը, ինչպես նաև ինչ այլ հանգամանքներ են նախորդել ողբերգական դեպքին, Քննչական կոմիտեի հաղորդագրությունից չի մանրամասնվում։


