Վարչապետն ասաց՝ ծնողները չե՞ն տեսել. Ազատի կացարանում զոհվածի հայրը մանրամասներ է հայտնել
Շուտով չորրորդ տարին է լրանում և մենք մեծ հաշվով, այս պահին ունենք այն, ինչ որ ունեինք առաջին օրը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
«Հենց առաջին օրվանից գործն ուղղորդվել է այս ուղղությամբ ու մինչև հիմա այդպես պահում են։ Ում կողմից, ոնց է պահվում արդեն պարզ է, խելացի, գիտակից մարդը գիտի՝ ում կողմից կարող է պահվել։ Գործի հիմնական դատաքննությունը ավարտվեց, հիմա միջնորդությունների փուլում ենք, ամեն դեպքում հույսով գալիս ենք, որ ինչ-որ մի նիստի ժամանակ ինչ-որ մի բան կբացահայտվի։
Այսօր գործով ունենք 5 մեղադրյալ, ու գլխավոր մեղադրյալի մասին էլ ավելորդ եմ համարում արդեն բան խոսել։ Որոշ մարդիկ սոցիալական ցանցերում քննադատում են, ասում են՝ մեղավոր չի։ Ոչ, մեղավոր է, ուղղակի հնարավոր է, որ ոչ թե մեղավոր չի, այլ ինքը չի արել, իր ջեբը գցել են, ինքը վերցրել է իր վրա։ Խոսքը Եղիշե Հակոբյանի մասին է։ Կարող է՝ ստիպել են իրեն, որ ինքը այս գործը վերցնի իր վրա»,–ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով ո՞ւմ կողմի է գործն ուղղորդված, զոհվածի հայրը պատասխանեց. «Վարչապետի կողմից։ Այդ օրը կառավարության նիստի օր էր, ինքը կառավարության նիստի սկսելուց ասեց այսպիսի դեպք է տեղի ունեցել ու մանրամասն ներկայացրեց, թե ոնց է եղել, որ սպան փորձել է վառարանը վառի, ձեռքի կանեստրը կպել է, ինքնապաշտպանական բնազդով շպրտել է։
Այսինքն ինքը գործի «իտոգը» տվեց։ Իրեն այդ պահին այդպես էր ձեռ տալիս, այդպես արեց։ Ի պաշտոնէ ինքը ուղղակի, այդ իրավունքը չուներ նման լուրջ դեպքի վերաբերյալ այդպիսի հայտարարություն աներ,, որովհետև իր խոսքը կարող էր լինել և՛ ուղղորդում, և՛ հրաման, և այդպես էլ եղավ։ Մինչդեռ այս գործում բազմաթիվ հակասություններ կա, մեկի խոսքը մյուսին չի բռնում»։
Անդրադառնալով նրան, որ իրենց փաստաբանը միջնորդելու է, որ հարցաքննվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գաբրիել Կիրակոսյանն ասաց, որ իրենք շատ հարցեր ունեն այդ մարդկանց. «Մենք հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ երկու անգամ, ինքը առաջին անգամ հարցերին չեզոք պատասխաններ տվեց, մեզ հավաստիացրեցին, որ երկու ամիս համբերեք, երկու ամիս հետո մենք նույն կազմով կհավաքվենք ու ձեր հարցերին սպառիչ պատասխաններ կտանք, որ դուք ռեալ իմանաք այնտեղ իրականում ինչ է տեղի ունեցել։ Ինքն ասեց, որ այն, ինչ ասել է, դա նախնական տվյալներ են։ Բայց քննչականի պետն ու գլխավոր դատախազը դրանից հետո ասեցին՝ ոնց ասել եք, այդպես էլ եղել է, այսինքն հասկացրեցին, որ մենք հասկացանք, գործը այդ ուղղությամբ կտանենք։
Երկրորդ հանդիպմանը մենք գնացինք սպասելիքներով, որ հեսա ինչոր բացահայտումներ կլինեն, բայց այնտեղ բառիս բուն իմաստով դրեցին, սկսեցին կարդալ գործի գլխավոր մեղադրյալի նախաքննական ցուցմունքը, ինչին մենք հենց սկզբից էլ ծանոթ էինք։
Հետո էլ փորձում էր մեղքը բառիս բուն իմաստով ծնողների վրա գցել։ Ասում է՝ ես զարմանում եմ, ծնողները այդքան գնացել, եկել են, չեն տեսե՞լ, որ պատուհանի վրա ռեշոտկա կա։ Ասենք, ծնողը պիտի իր երեխայի համար այնտեղ պայմաններ ստեղծե՞ր, ծնողը պտի ասեր՝ ռեշոտկա կա, պիտի չլինի՞, ագնիտուշիտել չկա, պիտի լինի՞։ Ես տառացիորեն կրկնում եմ վարչապետ կոչվածի ասածը։
Դու մի երկրի ղեկավար ես, որտեղ 15 զինծառայողի սպանության դեպքը կոծկվում է, փակվում է բառիս բուն իմաստով։ Եթե ծնողը գնար ինչ-որ ձևով միջամտեր, իմ երեխային ի՞նչ կանեիք ինձանից հետո։
Պաշտոնյաներին օրը մեջ պարգևատրում ես տալիս, կոչում ես տալիս, մեդալ ես տալիս, բա դրանք ինչի՞ համար են։ Երևի շատ զինվոր սպանելու համար են այդ կոչումները»,–ասաց նա։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե իրենք թույլ տան, որ ինչ-որ բան բացահայտվի, շատ շատերը կգնան մի ուրիշ ուղղությամբ. «Իրենք ուղղակի թույլ չեն տա։ Իմ ակնկալիքը այն է, որ ռեալ իշխանափոխություն լինի, նոր իշխանությունը փորձի բացահայտել կամ ուզենա բացահայտել այս դեպքը»։
Տեսանյութը ստորև․


