Երևանում բեռնատարի կոնտեյները բախվել է կամրջին․ ճանապարհը մասամբ փակվել է
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ կամրջի տակով անցնելիս բախվել է կամրջի բետոնե ծածկին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վնասվել է այդ պահին նշված վայրով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ պարտք ու պահանջ չունի։
Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն տեղում վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ ինքը վնասվածքներ չի ստացել։
Այս պահին վարորդը, ով ազգությամբ վրացի է, սպասում է ապահովագրական ընկերության ժամանմանը։



