51-ամյա վարպետը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել
Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աշխատավայրում աշխատանքներ կատարելիս «3-րդ աստիճանի այրվածքներով, մարմնի տարբեր մասերում» ախտորոշմամբ մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել «Կապանի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Արա Մ․-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ից։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Արա Մ․-ն Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի հիդրոէլեկտրակայանում իր կողմից տեղադրված երկաթե աստիճանի միջոցով բարձրացել է էլեկտրական վահանակի վրա՝ պարզելու ՀԷԿ-ի հոսանքազրկման պատճառը։ Այդ ընթացքում նա հոսանքահարվել է, ստացել այրվածքներ և աստիճանի հետ միասին ընկել գետնին, որից հետո տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Մ․-ն աշխատում է «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի ՀԷԿ-ում՝ որպես վարպետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2026/11/09/1316326


