Մամուլ

Դրանք Ռուսաստանի պատմական հողերն են․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կորցրած տարածքները ոչ թե Կիևին են պատկանում, այլ Ռուսաստանի պատմական հողերն են։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ տարածքային կորուստների հետ համակերպվելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությանը՝ Պուտինը պնդել է, որ Դոնբասը Ուկրաինայի տարածքը չէ։

Ռուսաստանի ղեկավարը նաև «քաղաքական շիզոֆրենիա» է անվանել Եվրոպայում հնչող հայտարարությունները Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի սպառնալիքի մասին։ Նրա համոզմամբ՝ ո՛չ եվրոպական ժողովուրդներն են ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, ո՛չ էլ Ռուսաստանն է ձգտում ռազմական հակամարտության Եվրոպայի հետ։

Պուտինը նաև նշել է, որ արդեն բոլորի համար պարզ է դարձել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհնարինությունը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի «ռազմավարական պարտությանը» ձգտող ուժերը կընդունեն այդ իրողությունը և կհասկանան, որ Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելն ավելի նպատակահարմար է։

Անդրադառնալով Ուկրաինայի իշխանությունների գործողություններին՝ Ռուսաստանի նախագահը պնդել է, որ Կիևը սեփական քաղաքացիներին օգտագործում է որպես «ծախսվող նյութ»։ Նրա խոսքով՝ ուկրաինական ղեկավարությունը ռազմաճակատ է ուղարկում ոչ թե մոտիվացված ազգայնականներին, այլ հարկադրաբար զորակոչված քաղաքացիներին։

Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքված զինծառայողների թիվը հասնում է 500 հազարի կամ նույնիսկ գերազանցում այդ ցուցանիշը։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե վերջին գենետիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։

Կիսվեք ձեր էջում