Հարբած ադրբեջանցին հատել է հայ-ադրբեջանական սահմանը․ նոր մանրամասներ
Ադրբեջանցի հովիվը երեք օր առաջ հատել է Հայաստանի սահմանը և հայտնաբերվել Բերդի հատվածում։
Նա Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է։ Տղամարդն անասուններին արածեցնելու նպատակով գնացել է սահմանամերձ տարածք, որտեղ ալկոհոլ է օգտագործել, ապա հարբած վիճակում անցել հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանին։
Հովիվը հայտնաբերվելուց հետո պահվել է Բերդի ռազմական ոստիկանությունում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ տղամարդը ոչ թե մոլորվել է, այլ հայկական կողմ է անցել սպիտակ դրոշով՝ հանձնվելու նպատակով։
Ադրբեջանցի հովիվը Հայաստան է անցել Բերդ համայնքի՝ Մեհրաբի զորամասի հատվածից։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա հոգեբանական խնդիրներ ունի, իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ նրան Բերդից տեղափոխել են Երևան։
Այս պահին հստակ տեղեկություն չկա՝ տղամարդը վերադարձվե՞լ է Ադրբեջան, թե՞ շարունակում է գտնվել Հայաստանում։ Դեպքի վերաբերյալ պատկան մարմինները պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել։


