Քրոջ որդու սպանության գործով մեղադրյալը 36 օր է՝ հացադուլի մեջ է
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանն արդեն 36 օր է, ինչ հացադուլի մեջ է՝ արդարադատության ակնկալիքով։ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ անձը շարունակում է հացադուլը։
Աշոտ Բադալյանը, հիշեցնենք, հացադուլի մեջ է սեպտեմբերի 14-ից՝ իրեն առաջադրված մեղադրանքի հետ անհամաձայնության պատճառով։
Վերջինս արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կալանքի տակ է մերձավորի, մասնավորապես՝ քրոջ որդու սպանության գործով։
Մեղադրանքի հետ, սակայն, Բադալյանը համաձայն չէ․ պաշտպանները պնդում են, թե անհրաժեշտ պաշտպանություն է եղել, մասնավորապես, քրոջ որդին նռնակով զինված մոտեցել է նրա երեխաներին և կնոջը, այդ ընթացքում Բադալյանը թիկունքից կրակոց է արձակել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Քրեական գործն արդեն դատարանում է՝ դատավոր Արշակ Հարությունյանի վարույթում. վերջինս սեպտեմբերի 29-ին որոշել է ևս երեք ամսով երկարացնել կալանքի ժամկետը։
Բադալյանն արդեն 36 օր հացադուլի մեջ է՝ հայտնելով իր անհամաձայնությունը մեղադրանքին։ Աշոտ Բադալյանի պաշտպան Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բադալյանի առողջական վիճակը գնալով վատանում է։
Հացադուլին արձագանքել են ՄԻՊ աշխատակազմից, ԱԺ պատգամավորներ, դատախազությունից դեռևս այցելություն չի եղել։ Փաստաբանը նշեց, որ բժիշկներն էլ պարբերաբար ստուգում են։


