Մամուլ

Հայտնի է երբ կմեկնարկի 2027-ի ձմեռային զորակոչը

ՀՀ կառավարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։

2026 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ։ Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Նախատեսվում է զորակոչել արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
 

Մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։ Սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած անձինք կարձակվեն այդ ծառայությունից։

Զորակոչի կազմակերպման նպատակով նախատեսվում է ստեղծել Հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային և Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովներ և կենտրոնական բժշկական հանձնաժողով, որի անհատական կազմը կհաստատվի կառավարության որոշմամբ։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարարը, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովները՝ համապատասխան մարզպետները։ Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովը կգլխավորի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

Որոշման նախագծով սահմանվում են զորակոչի կազմակերպմանն ուղղված մի շարք պարտականություններ․

ՀՀ պաշտպանության նախարար – ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ պետք է ապահովի զորակոչի նախապատրաստման, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության և զինված ուժերի համալրման աշխատանքները։ Նախատեսվում է նաև իրականացնել վարակիչ հիվանդությունների տարածումն ու զինված ուժեր դրանց ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ։
ՀՀ առողջապահության նախարար – պետք է ապահովի համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութերով, ռենտգեն և ԷՍԳ ժապավեններով ու երևակման նյութերով։
ՀՀ արտաքին գործերի նախարար – պետք է ապահովի օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած և զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին՝ նախագծով սահմանված պայմաններով։
ՀՀ ներքին գործերի նախարար – պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը զինվորական կոմիսարիատների, հանրապետական հավաքակայանի և դրանց հարակից տարածքներում, ինչպես նաև զորակոչից խուսափող քաղաքացիների որոնումն ու նրանց ներկայանալը համապատասխան զինվորական կոմիսարիատներ։ Նախատեսվում է նաև պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ծառայողների ներգրավում՝ զորակոչիկների խմբերի անվտանգ ուղեկցումն ապահովելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար – որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է տրամադրի Հայաստանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
ՀՀ ներքին գործերի նախարար և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն – զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում պետք է ուժեղացնեն վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում։

Նախատեսվում է նաև, որ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարները, օրենքով նախատեսված դեպքերում, համապատասխան սահմանափակումներ կիրառեն զորակոչին չներկայացած կամ հետախուզման մեջ զորակոչիկների նկատմամբ և նրանց գտնվելու վայրի մասին անհապաղ տեղեկացնեն իրավասու պետական մարմիններին։

Զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը պետք է իրականացվեն ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարի 8-ը ներառյալ։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կիսվեք ձեր էջում