«Մի խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, նենց շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափացման հետ կապված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշում ընդունել և դրանով պատասխանատու պաշտոնյաներին նիստին հրավիրել։ Այդ մասին այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից, ԱԱԾ տնօրենից ըստ վերաբերելիության պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի շաքի բնակավայրում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի հայտնվելուն, և ինչ պատճառներով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերելը, ինչ կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար»,- հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները կարծում են՝ որոշման ընդունումն իմաստազուրկ է, դրա փոխարեն կարող են առանց դրա էլ համապատասխան պատասխանատուներին հրավիրել հանձնաժողովի նիստին և իրենց հուզող հարցերն ուղղել։ Մյուս կողմից հիշեցնում են, որ նախաքննական գաղտնիքի գործոն էլ կա, համալիր քննություն չի իրականացվել, որպեսզի հնարավոր լինի որոշման նախագծում առաջարկվող հարցերի բոլոր պատասխանները ստանալ։
Ուստի ՔՊ-ականներն ի սկզբանե զգուշացրեցին՝ դեմ են քվեարկելու որոշման նախագծին։
Իր հերթին ՔՊ-ական Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, թե անիմաստ տեղը շոու է սարքվում, հարցը քաղաքականացվում է։ Համաձայն չէ նաև ընդդիմադիրների բարձրացրած մտահոգությունների, թե քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները չկան, Շաքիում և հարակից գյուղերում որոշակի խուճապ կա։
«Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք էս բարձր ամբիոնից նենց մի հատ շուխուր ենք սարքել։ Երևի Ադրբեջանում հիմա կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, թպրտում ա սաղ Հայաստան»,- հայտարարեց Միքայելյանը։
Նիստի վերջում համաձայնություն կնքվեց․ ընդդիմադիր պատգամավորները հետ են կանչում որոշման նախագիծը, դրա փոխարեն հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացավ՝ առաջիկա օրերին կառավարության գործընկերներին կհրավիրեն նիստին՝ հարցի բովանդակալի քննարկման համար։


