Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկը ու կրակել հայ աղջկա ոտքին
NEWS.am-ի տեղեկություններով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել։
Սիսիանի բնակիչները NEWS.am-ին ահազանգել են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։
Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց` Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։


