Արտասովոր միջադեպ Լոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում
Լոնդոնից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է ինչպես բորտուղեկցորդուհուն, այնպես էլ իր կողքին նստած կնոջը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «AJet» ավիաընկերության «VF-1990» չվերթի ընթացքում։ Ինքնաթիռը Լոնդոնի Ստանստեդ օդանավակայանից ուղևորվում էր Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայան։
Կին ուղևորը պատմել է, որ թռիչքի ժամանակ տղամարդն անհանգստացրել է իրեն, ինչի մասին ինքը հայտնել է բորտուղեկցորդուհուն։ Վերջինս նախազգուշացրել է տղամարդուն, սակայն նա շարունակել է անհանգստացնել կնոջը։ Հերթական զգուշացումից հետո տղամարդը հարձակվել է՝ կծելով ինչպես ուղևորուհուն, այնպես էլ բորտուղեկցորդուհուն։
Դեպքից հետո օդաչուն կապ է հաստատել Սաբիհա Գյոքչենի օդանավակայանի օդային երթևեկության կարգավարի հետ և տեղեկացրել տեղի ունեցածի մասին։ Նա նաև խնդրել է, որպեսզի վայրէջքից հետո ինքնաթիռը դիմավորեն ոստիկանության աշխատակիցները։
Ստամբուլի օդանավակայանում տղամարդը ձերբակալվել է և ընդգրկվել «սև ցուցակում»։ Նրա դեմ բողոք է ներկայացվել, իսկ տվյալ ավիաընկերության ինքնաթիռներով թռչելու արգելք է սահմանվել։


