271 օր ապրել է գենետիկորեն փոփոխված խոզի երիկամով
Գենետիկորեն փոփոխված խոզի երիկամը 66-ամյա ամերիկացի Թիմ Էնդրյուսին, որը տառապում էր երիկամների վերջնափուլային հիվանդությամբ, 271 օր օգնել է ապրել առանց դիալիզի։ Բժիշկների խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ խոզի օրգանը հաջողությամբ ծառայել է որպես «կամուրջ» մինչև մարդու երիկամի փոխպատվաստումը։
Էնդրյուսի հիվանդությունը առաջացել էր 2-րդ տիպի շաքարախտի հետևանքով։ 2025 թվականի հունվարի 25-ին նրան փոխպատվաստել էին գենետիկորեն փոփոխված խոզի երիկամ, որը ենթարկվել էր 69 գենետիկ փոփոխության, որպեսզի մարդու իմունային համակարգը չմերժի այն։
Երիկամը սկսել էր անմիջապես աշխատել և գործել էր 271 օր։ Սակայն մոտ վեց ամիս անց օրգանի արյունատար անոթները սկսել էին վնասվել, այն բորբոքվել և աստիճանաբար դադարել էր աշխատել։ Երիկամը հեռացվել էր նույն տարվա հոկտեմբերին։
Դրանից հետո Էնդրյուսը 82 օր կրկին դիալիզ էր ստացել, մինչև 2026 թվականի հունվարին ստացել էր մարդու դոնորական երիկամ, որն այժմ լավ է աշխատում։
Բժիշկները նշում են, որ քսենոտրանսպլանտացիան կարող է ապագայում լուծում դառնալ օրգանների պակասի խնդրին։ ԱՄՆ-ում մոտ 100 հազար մարդ սպասում է երիկամի փոխպատվաստման, մինչդեռ տարեկան կատարվում է մոտ 25 հազար նման վիրահատություն։
Էնդրյուսը փոխպատվաստումն անվանել է «հույս» և «թունելի վերջում երևացող լույս»։


