50-ամյա տղամարդուն հայրը և եղբայրը ծեծել ու տնից դուրս են հանել․ 8 ամիս է՝ գիշերում է մեքենայում
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում արդեն մոտ 8 ամիս է՝ 50-ամյա Արման Ալեքսանյանը գիշերում է մանկապարտեզին կից այգում կայանված ավտոմեքենայի մեջ։
Տղամարդու պատմությունը ներկայացրել է նրա համագյուղացիներից մեկը, ով, տեսնելով Արմանի ծանր վիճակը, որոշել է բարձրաձայնել խնդրի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմանը խոսքի խանգարում ունի և չի կարողանում խոսել։
Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի անդամների հետ ունեցած խնդիրներից հետո՝ հայրը և եղբայրը իրեն ծեծել են ու տնից դուրս են հանել։
Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնական հաստատում չեն ստացել և ներկայացվում են բացառապես Արմանի փոխանցմամբ։
Այսօր Արմանը փաստացի անօթևան է։ Գիշերում է ավտոմեքենայի մեջ, իսկ ցերեկային և գիշերային ժամերին գյուղում շրջում է՝ երբեմն համագյուղացիներից սնունդ խնդրելով։
Նրան տեսնող մարդիկ պատմում են, որ տղամարդը պարզապես ցանկանում է ունենալ մի անկյուն, որտեղ կարող է ապահով գիշերել, տաքանալ, սնվել և ապրել մարդկային պայմաններում։
Արմանի ամենամեծ ցանկությունը, ինչպես փոխանցում է նրան օգնող համագյուղացին, անօթևանների համար նախատեսված կացարան գտնելն է, որտեղ նա կարող է ապրել և այլևս ստիպված չլինել գիշերել ավտոմեքենայի մեջ։
Այս պատմության ամենացավալին այն է, որ խոսելու դժվարություն ունեցող 50-ամյա մարդը, կարծես, մնացել է իր խնդիրների ու միայնության դեմ մենակ։
Տեսանյութը ստորև․


