Որդին մորը ծեծելով սպանել է սենյակի թափթփվածության պատճառով
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում 61-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իր տարեց մորը՝ սենյակում տիրող անկարգության պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի առավոտյան։ Տղամարդը գնացել է մոր տուն՝ նրան արթնացնելու նպատակով։ Սենյակում տեսնելով կեղտոտություն և ցրված իրեր՝ նա զայրացել է, ինչից հետո հարձակվել է մոր վրա և սկսել ձեռքերով ու ոտքերով ծեծել նրան։
Ծեծի ենթարկելուց հետո տղամարդը հեռացել է մոր տնից և գնացել ալկոհոլ օգտագործելու։
Նույն օրվա երեկոյան նա կրկին այցելել է մորը՝ նրա ինքնազգացողությունը պարզելու համար։ Տուն վերադառնալով՝ տղամարդը մորը հայտնաբերել է առանց կյանքի նշանների։ Հասկանալով, որ կատարվածը լուրջ հետևանքներ է ունեցել, նա ինքն է շտապօգնություն և իրավապահ մարմիններին կանչել դեպքի վայր։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, իսկ դատարանը նրա նկատմամբ կալանավորումն է որպես խափանման միջոց կիրառել նախաքննության ընթացքում։
Ներկայում իրավապահ մարմինները շարունակում են պարզել դեպքի մյուս հանգամանքներն ու մանրամասները։


