Առեղծվածային դեպք Կոտայքում․ ասֆալտապատման ժամանակ մարդու գանգ են հայտնաբերել (Լուսանկար 18+)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հաբեթյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալահովիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



