Մամուլ

Մեկնարկել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը․ այն դռնփակ է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի քննությունն առայժմ դռնփակ է։

Ըստ ամենայնի՝ պատճառը մեղադրանքի՝ պետական գաղտնիք այլ երկրի փոխանցելու հետ կապն է, թեև պաշտպանական կողմը պնդում է, որ պետական գաղտնիքի մասին խոսք չկա։ Պաշտպանները միջնորդում են նիստերը անցկացնել դռնբաց և հրապարակային։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2026 թվականի մայիսի 23-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է։ ՔԿ-ի համաձայն՝ նա 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ զբաղվել է լրտեսությամբ և 622 հազար դոլարի դիմաց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն։

Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ գործի նյութերից որևէ հանցագործության հատկանիշ չի բխում, իսկ թե ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը՝ պարզ չէ։

Նույն գործով կալանավորվել է նաև Արեգնազ Մանուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Թևանյանն ու Մանուկյանը մեղադրանքը չեն ընդունում։

Կիսվեք ձեր էջում