37-ամյա տղամարդուն Երևանում ծեծի են ենթարկել, 17 մլն դրամ պահանջել, ապա նրա 27 մլն դրամանոց «Mercedes»-ը քարշակով տարել
Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Հ․-ն, մոտ մեկ տարի առաջ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա․-ից, տարբեր տոկոսներով գումարներ է վերցրել, սակայն ամբողջությամբ մարել է։
Դրանից հետո Արման Ա․-ն տարբեր պատճառաբանություններով և սպառնալիքներով Արթուր Հ․-ից վերցրել է տարբեր չափերի գումարներ՝ պատճառաբանելով, թե պատժում է նրան ստելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Արման Ա․-ն իր եղբոր՝ Արթուր Հ․-ի հետ գնացել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ Արման Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Ա․-ն ծեծել են եղբորը և վերջինից պահանջել 17 մլն դրամ, որի դիմաց՝ որպես նշված գումարը ստանալու երաշխիք, պահանջել են նրա «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը նա 27 մլն դրամով գնել էր Արման Ա․-ից։
Սակայն մերժում ստանալուց հետո վերջինիս հրահանգով մի խումբ անձինք իր ավտոմեքենան Հալաբյան փողոցում գտնվող «SAS» սուպերմարկետի ավտոկայանատեղիից քարշակով տարել են անհայտ ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ․-ն «Պագես» ՍՊԸ տնօրենն է։


