Մամուլ

Ծննդաբերելուց անմիջապես հետո նորածնին փաթաթել է շորի մեջ և թողել փողոցում

Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։

Երեխային հայտնաբերել է մի տղամարդ և զանգել Շտապ Օգնություն։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց։

ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի խոսքով՝ նախօրեին ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածին է տեղափոխվել հիվանդանոց։

Երեխայի վիճակը գնահատվել է ծանր․ մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչև 30 աստիճան, և արձանագրվել էր հիպոթերմիա։

Բժիշկների խոսքով՝ նման դեպքերում երեխային հնարավոր չէ միանգամից տաքացնել, և անհրաժեշտ է հետևել հատուկ բժշկական արձանագրությանը։

Ներկայում նորածնի ջերմաստիճանը կարգավորվել է՝ հասնելով 36.7 աստիճանի, սակայն նրա մոտ առկա է շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նա գտնվում է հատուկ սարքավորման օգնությամբ հսկողության տակ։

Ջերջերյանը նաև նշել է, որ երեխային հայտնաբերելիս նրա պորտալարը արդեն կապված էր թանզիֆով, իսկ մոտ 20-25 սանտիմետր հատվածը պահպանվել էր։ Բժշկի գնահատմամբ՝ պորտալարի թարմությունից կարելի է ենթադրել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց մոտ 3-5 ժամ առաջ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում