Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վթարի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, վարորդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա – Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։

Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական վթարը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում