Մամուլ

Հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով (ՀՀ արտաքին գործերի նախարարության) հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: NEWS.am-ին այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին:

NEWS.am–ը հուլիսի 15-ին գրավոր հարցմամբ դիմել է կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում են աջակցել Զոնաբենդին և միջազգային պատվիրակությանը այդ նախաձեռնության իրականացման գործում: Հետաքրքրվել է նաև, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիմել միջազգային գործընկերներին կամ կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի հետ կանոնավոր մարդասիրական կապը, ընտանիքների հետ շփումը և միջազգային իրավապաշտպան կառույցների այցելությունները վերականգնելու ուղղությամբ:

Օգոստոսի 5-ին կառավարությունից լրատվամիջոցին պատասխանել են, որ տեղեկացված են Վերոնիկա Զոնաբենդի կողմից բաց նամակով բարձրացված հարցերին:

«Հաշվի առնելով դրանց զգայունությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել տիկին Զոնաբենդի հետ՝ հասցեագրելու բարձրացված հարցերը, ինչպես նաև ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերն ու գործողությունները: Միաժամանակ հայտնում ենք նաև, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, փոխանցվել են համապատասխան գերատեսչության անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասված է գործադիր մարմնի պատասխանում:

Համապատասխան գերատեսչությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է:

Կիսվեք ձեր էջում