Մամուլ

Փաշինյանը թվել է բանակում ինքնասպանությունների 3 պատճառ

ՀՀ զինված ուժերում զինծառայողները ինքնասպանության կարող են դիմել 3 հիմնական պատճառով, որոնցից առաջինը` խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք մեր բանակում ինչի՞ են զինվորներն ինքնասպանություն գործում։ 3 հիմնական պատճառ կա, որոնցից մեկը խաղադրույքներ կատարելն ու պարտքերի տակ ընկնելն է, հետո այդ պարտքերը չկարողանալ փակելը», – ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի` կան «ստվերային դիլլերներ», որոնք հեռախոսով` խոսքի հիման վրա խաղադրույքներ կատարում են, և հաղթած գումարը տալիս են, իսկ պարտվածը` պահանջում ամեն գնով։

Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, ընտանեկան կամ անձնական խնդիրներն են։

«Երրորդ պատճառը կախված է շատ կոնկրետ իրավիճակի հետ, դա մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է։ Եթե դիրքապահը քնել է, նշանակում է վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը», – ասել է նա։

Փաշինյանի խոսքով` դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և դիրքից իջնելուց հետո այդ զինվորները մեկուսանում են։

Նրանց նկատմամբ կարող է լինել հոգեբանական ճնշումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։

Կիսվեք ձեր էջում