Մամուլ

Ծննդատան աշխատակիցը փորձել է նորածնին գողանալ

Բրազիլիայում իրավապահները ձերբակալել են 35-ամյա կնոջ, որը կասկածվում է ծննդատնից նորածնի առևանգման փորձի մեջ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին։ Կինը, որը աշխատում էր նույն բուժհաստատությունում, այդ օրը հերթապահության չի եղել, սակայն բժշկական համազգեստով ժամանել է հիվանդանոց և ներկայացել որպես բուժքույր։

Նա մոտեցել է նորածնի հարազատներից մեկին և հայտնել, որ անհրաժեշտ է երեխային տանել հերթական բուժզննության։ Վերցնելով փոքրիկին՝ կինը դուրս է եկել հիվանդասենյակից։

Որոշ ժամանակ անց նա վերադարձել է առանց երեխայի, սակայն նրա ձեռքի մեծ պայուսակը կասկած է առաջացրել նորածնի հարազատի մոտ։ Վերջինս հետևել է բուժաշխատողին և, երբ կինը մտել է հագուստը փոխելու սենյակ, ստուգել է պայուսակի պարունակությունը։ Դրա մեջ հայտնաբերվել է նորածինը, որին անմիջապես վերադարձրել են մորը։

Իրավապահների հետագա խուզարկության ընթացքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել է ամբողջությամբ պատրաստված մանկական սենյակ՝ մահճակալով և երեխայի խնամքի համար նախատեսված պարագաներով։

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ կնոջ զուգընկերը համոզված է եղել, թե նա հղի է, և նրանք սպասում էին երեխայի ծնունդին։ Սակայն հետաքննությամբ պարզվել է, որ կինը իրականում հղի չի եղել։

Պաշտպանական կողմը նշել է, որ կինը հնարավոր է ունենար հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, սակայն բժշկական փորձաքննությունը նման ախտորոշում չի հաստատել։

Ներկայումս կինը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Կիսվեք ձեր էջում