Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու դի

Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

di
Կիսվեք ձեր էջում