Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:50-ի սահմաններում Սևան-Զովաբեր ավտոճանապարհի՝ Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



