Մամուլ

«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Վաղարշյան – Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը վրաերթի ենթարկվածներ են եղել, և «Jeep»-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, որը պարեկները հայտնաբերել են խաչմերուկում և այդ տեղեկությունը նույնպես ճշտվում է՝ արդյոք նշված ավտոմեքենայի վարորդը կապ ունի՞ վթարի հետ, թե ոչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում