Վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է ուկրաինական համարանիշներով «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու։
Կարճ ժամանակում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվում է, որ նա ժողովրդին հայտնի «Աբովյանի պատից» երթևեկում է դեպի Երևան։
Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ նշված ավտոմեքենան հայտնաբերվում է, ապա տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք։
Տեղում պարզվում է, որ վարորդը հայկական վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ, թեև վարորդը հայտնել է, որ այն այլևս հետախուզման մեջ չէ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ այդ օլիգարխի նկատմամբ ժամանակին հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ն պահանջում էր, որ Հայաստանը նրան արտահանձնի Ռուսաստանին, ինչը հայկական կողմը մերժել էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


