Շոու-բիզնես

Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, հաշիվը փակել եմ իմ քարտով. Ալեն Սիմոնյանը՝ նշանադրության մասին

Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, հաշիվը փակել եմ իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իր և Անելյա Գուբրյանի նշանդրեքի մասին:

«Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել ստել ստել ու իրենց կարևորել:

Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից ոչ մեկ հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքը ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին:

Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով:

Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է:

Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, (կտրոնը ունեմ) փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով»,-գրել է նա:

Կիսվեք ձեր էջում