Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, և «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



