Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. մահացել է վարորդներից մեկի մայրը

Shamshyan.com-ը ահյտնում է, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, և վթարից որոշ ժամանակ անց են սկսել աղ ու ավազի խառնուրդով մշակել այն։ Երկու ավտոեքենաներն էլ եղել են ձմեռային անվադողերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։