Մամուլ

Կրակոցներ Վանաձոր քաղաքում

Հունվարի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն հունվարի 22-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Թելման  Ջ․-ին պատկանող «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով  հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր մոտ գտնվող ատրճանակով մի քանի անգամ կրակել է դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել է Թելման Ջ․-ին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ին, Նարեկ Մ․-ն  ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության  Լոռու մարզային վարչություն, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնել է, որ հունվարի 22-ին իր ընկերոջ զորացրման հետ կապված, գտնվելով էմոցիաների ազդեցության տակ, իր ընկերոջ Թելման Ջ․-ին պատկանող «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի պատուհանից Մյասնիկյան 6 շենքի բակում իր մոտ գտնվող և իրեն պատկանող  ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել է Թելման Ջ․-ին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։

Աղբյուրի տեղեկություններով Նարեկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ նշված ատրճանակը ներկայումս գտնվում է իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Հ․-ի տանը, որը պատրաստ է ներկայացնել։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր․ օր․ 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Նարեկ Մ․-ին պատկանող, հանցագործության գործիք  ատրճանակը վերջինիս ընկեր՝ Սարգիս Հ․-ն ներկայացրել է իրավապահներին։

Նարեկ Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ Թելման Ջ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։