Արագածում փրկարարները, ձնաբքի պայմաններում ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց, ով ժամեր անց տղա է ունեցել
Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի, ջոկատի հրամանատարի տեղակալ Ժորա Գևորգյանի և հերթափոխի պետ Սահակ Տոնոյանի գլխավորությամբ, Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ են տեղափոխել հունվարի 20-ին, իրենց կողմից «Արթիկ» բժշկական կենտրոն տեղափոխած և այնտեղ որդուն լույս աշխարհ բերած ծննդկանին և նորածին տղային։
Shamshyan.com-ը հայտնում է, որ չնայած տեղացած առատ ձյանը, ցրտին, սաստիկ բքին, երբ տեսանելիությունը մի քանի մետր էր, փրկարարները թրթուրավոր հատուկ տեխնիկայով ծննդկանին ու նորածնին ապահով ու անվտանգ հասցրել են գյուղ։
Ծննդկանի հարազատները ասում էին․ «Առատ ձյան ու անանցանելի ճանապարհների պայմաններում, երբ իրավիճակը կարող էր դառնալ վտանգավոր, փրկարարներն իրենց մասնագիտական ու մարդասիրական վերաբերմունքով մեր ընտանիքի համար իսկական փրկություն դարձան։ Նրանց օգնությամբ մեր հղին անվտանգ տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ լույս աշխարհ եկավ մեր արու զավակը։ Այնուհետև նույն հատուկ տեխնիկայով մեզ կրկին անվտանգ հասցրին Շենկանի գյուղ։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում փրկարարներին՝ արագ արձագանքի, նվիրված աշխատանքի և մարդկային բարձր վերաբերմունքի համար։ Ձեր կատարած գործը մեր ընտանիքի համար անգնահատելի է»։
Այսօր ծնված փոքրիկը տղա է և ընտանիքի երրորդ երեխան, ում ծնողները անվանել են Աբրահամ։



