Մամուլ

Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը

Ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին հայտնում են News.am-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ Եվտուշենկովը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետերն ու սեփականատերն է։ Նա երեկ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել։

Նշենք, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956 թ.։ Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ։

Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր։ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ։

Մերգելյան ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ։