Մամուլ

Արմավիրի մարզում «Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի, ապա բախվել կայանված «Mercedes»-ին

Հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները 15 և 17 տարեկան են։