Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը Թբիլիսիում վայրէջք է կատարել․ ուղևորներն իրենց միջոցներով են Երևան հասել
Այսօր առավոտյան Վիեննայից Երևան ժամանող ինքնաթիռը, ինչպես ուղևորներին հայտնել է ինքնաթիռի անձնակազմը՝ եղանակային պայմանների պատճառով Թբիլիսիում է վայրէջք կատարել, ուղևորներին հրաժարվել են այլ չվերթով կամ մեկ այլ տրանսպորտային միջոցով Երևան հասցնել, հորդորել են՝ սեփական միջոցներով հասնել Երևան։
Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը 5-ին ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն Թբիլիսիում է վայրէջք կատարել։
Ուղևորի խոսքով սակայն, նույն ժամին այլ քաղաքներից Երևան ժամանող ինքնաթիռները առանց որևէ խնդիր վայրէջք են կատարել Երևանում։
«Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի անձնակազմը նախ մի քանի ժամ առանց որևէ բացատրության փակ է պահել ինքնաթիռի դուռը, ապա երեք ժամ անց հայտնել, որ ուղևորները կա՛մ պետք է իրենց միջոցներով Երևան հասնեն, կա՛մ նույն ինքնաթիռով Վիեննա վերադառնան։
«Անորոշ վիճակ էր, ինքնաթիռում ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն կանչեցին։ Օդաչուն ասաց՝ կամ բոլորը պետք է իջնեն ինքնաթիռից, կամ էլ բոլորով միասին հետ վերադառնանք Վիեննա։
Չի կարող մի մասը Թբիլիսիում իջնել, մի մասը Վիեննա վերադառնալ։ Օդաչուն ասաց՝ իմ աշխատանքային ժամն ավարտվել է, Երևան չեմ գնա»,–պատմեց ուղևորներից մեկը՝ նշելով, որ Թբիլիսիի օդանավակայանում ուղևորներին որևէ մեկը չի դիմավորել, ջուր, սնունդ կամ հյուրանոց չի առաջարկել, ավիաընկերութան որևէ ներկայացուցիչ էլ իրենց հետ կապ չի հաստատել։
Չվերթի ուղևորները ստիպված են եղել սեփական միջոցներով տաքսիներով Երևան գալ։



