Ջրային պարեկները կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է իրացման նպատակով պատրաստված «Մարիխուանա»-ի փաթեթներ
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհից դեպի Գավառ քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում կանգնեցրել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Վ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում նկատել են, որ ուղևորի կողմի պատուհանից դուրս են նետվում ինչ-որ առարկաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենալով նկատել են, որ դուրս նետվածները թվով 3 հատ կպչուն ժապավենով փաթեթներ են, ինչի վերաբերյալ Արտյոմ Վ․-ն հայտնել է, որ նշված փաթեթները պատկանում են իրեն և դրանց մեջ առկա է թմրամիջոց, որից հետո վերջինս և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Գ․-ն թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ավտոմեքենան բաժին տեղափոխելու ընթացքում պարեկները ավտոմեքենայի հատակին նկատել են ևս 1 հատ փաթեթ, որի վերաբերյալ Արտյոմ Վ․-ն հայտնել է, որ այն նույնպես պատկանում է իրեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Գավառի բաժնում Արտյոմ Վ․-ն անձնական խուզարկությամբ հագին եղած տաբատի գրպանից ներկայացրել է ևս 3 հատ փաթեթ, և հայտարարել է, որ դրանցում առկա է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն ինքը նախապես վերցրել է «Գավառ» գրառմամբ ցուցանակի մոտակայքից, հետագայում տեղադրելու եղանակով իրացնելու նպատակով։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթների ընդհանուր քաշը կազմել է 7.23 գրամ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Վ․-ն հայտարարել է նաև, որ 10-ից 12 փաթեթները մնացել են իրենց ձերբակալման վայրում, ճանապարհի աջ կողմում՝ դաշտամիջյան հատվածում։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



