Մամուլ

Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած վթարի պահը, որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Գ. Մանուկյանի կողմից վարած «Tesla»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը:

Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր: