Մամուլ

Կոտայքում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. արգելապատնեշը վնասել է մեկ այլ «Opel»-ի. կան վիրավորներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ «Արձաններ» բացօթյա վաճառքի սրահի մոտ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված վաճառքի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց:

Բախման հետևանքով «Opel»-ը կողաշրջվել և բախվել է ծառին, իսկ «Jeep»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս: 

Բախման հետևանքով նաև ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներից մեկը շպրտվել և վնասել է այդ պահին նշված վայրով դեպի Երևան ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Հովսեփյանն ու Կարեն Սախոյանը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։