Մամուլ

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

 ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը խուսափում է էլետրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կանխատեսում անելուց։ Այսօր ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մեսրոպյանը նշեց՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, սակայն ինքը լավատեսություն ունի։

Ինչպես հայտնել էինք, այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

«Ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև մի շատ կարևոր խոչըդոտող գործոն կա գալիք տարվա համար։ Գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ սովորական 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա»,-ասաց Մեսրոպյանը։

Հավելեց՝ տարբեր գործոնների ազդեցությամբ կան ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, որոնցով փորձելու են մեղմել ատոմակայանի՝ 5 ամիս չաշխատելու հանգամանքը։