Այնթապում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել է
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկ Ա.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքերը ծնկից ներքև կտրվել էին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիականության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, Սահակ Թադևոսյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ վրաերթի հետևանքով ավտոմեքենան մասամբ փակել էր երթևեկելի գոտին ու հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը վերականգնվեց:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Լիլիթ Առուշանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր վրաերթի հարևանությամբ գործող «Ֆուդ կորտ» սննդի կետում՝ որպես մաքրուհի, և հենց սննդի կետի դիմաց անհայտ անձինք քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ և այն իրենց համար դարձրել են արհեստական անցում ու հավանաբար հետիոտնը կա՛մ այդ հատվածով է անցել, կա՛մ փորձել է այդ հատվածով հասնել ֆուդ կորտ:
Նման դեպքերը նվազեցնելու համար ճիշտ կլինի, որպեսզի Կառավարությունը այդպիսի օբյեկտների մոտ կառուցի վերգետնյա անցումներ, քանի որ և՛ ավտոմեքենաների շարժն է շատ, և՛ հետիոտների, ու վերջինները ստիպված կտրում անցնում են այդ հատվածները ու շատ դեպքերում վրաերթի են ենթարկվում, որոնց մեծ մասի դեպքում ժամանած բժիշկներն արձանագրում են նրանց մահը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



