Մամուլ

Մահացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի հեղինակ Ռաֆիկ Եղոյանը

94 տարեկանում մահացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի հեղինակ, ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։

Ռաֆիկ Եղոյանի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը (քանդակագործ՝ Արա Սարգսյան):

Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝ «1000-ամյա Անի» հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, Երկաթուղային կայարանը, «Մայր Հայաստան» հուշակոթողը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, «Արտյոմ Պետրոսյանի» դիմաքանդակ-հուշարձանը իր անվան դպրոցի դիմաց, քանդակագործ` Արարատ Հովսեփյան, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, ինչպես նաև բնակելի շենքեր, հուշարձաններ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որդու` Գարեգին Եղոյանի հետ։