Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 1 տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ դի
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վարսենիկ Բ.-ի դին:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։