Մամուլ

Ո՞ր նախկին պատգամավորն է դրամահավաք է սկսել Արսեն Թորոսյանի համար և ինչո՞ւ

Armlur.am-ը գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ դատարանում պարտվել է առողջապահության նախկին, իսկ այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, ինչից հետո սկսել է դրամահավաք՝ դատական ծախսերը հոգալու համար։

Ինչպես գրում է Հովսեփյանը, հավաքված գումարը գերազանցել է նախատեսված սահմանը.

«…սահմանված գումարի չափը անցել է․ հավաքվել է 251,035 դրամ։ Խնդրում եմ դադարեցնել փոխանցումները։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», — գրել է նախկին պատգամավորը։

Հովսեփյանի և Թորոսյանի միջև դատական վեճը սկիզբ էր առել դեռ այն ժամանակ, երբ պատգամավորը հրապարակային քննադատել էր նախարարին՝ Աբովյանի դիահերձարանի գետնին պարկերով լցված դիակների աղմկահարույց իրավիճակի կապակցությամբ։

Հովսեփյանը բաց տեքստով սրբապղծություն էր որակել իրավիճակը, իսկ Թորոսյանը դիմել էր դատարան՝ համարելով, որ պատգամավորի հրապարակային հայտարարությունները զրպարտություն են։

Դատարանի որոշման արդյունքում Հովսեփյանը պարտավորվել է փոխհատուցել Թորոսյանին:

Նախկին պատգամավորը նշել է, որ իր աջակիցների օգնությամբ կմարի պարտավորությունները, բայց շարունակելու է սրբապղծություն համարել ասվածը:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանին Էդգար Ղազարյանը տարիներ առաջ «մահվան նախարար»-ի տիտղոսին է արժանացրել»։