Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. ի՞նչ է կատարվում
Armlur.am-ը գրում է․ «2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը թերացել է, չի հասցրել: Հիմա էլ իրավունք չունի զեկույց ներկայացնելու:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022-ին, լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 05.10.2022-ին, ևս մեկ անգամ էլ՝ 03.05.2023-ին: Այսինքն այս ժամկետներում Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է զեկույցը ներկայացրած լիներ, քանի որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 16 հոդվածի 6-րդ կետով հստակ սահմանված է. «… ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով»:
Տվյալ դեպքում այդ ժամանակահատվածը լրացել է 2023-ի մայիսի 3-ին: Ժամկետը բաց է թողնվել, որի համար ԱԺ կանոնակարգ օրենքի 26 հոդվածը սահմանում է. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝ 1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից. 2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:
Ընդգծենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած միայն ՔՊ-ականներով համալրված հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է 2023-ի մայիսի 3-ին: Վերջ:
Հիմա Անդրանիկ Քոչարյանը փորձում է շանտաժ անել ինչպես Աժ նախագահին, թե սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկել է և ԱԺ նախագահը պետք է 1 ամսյա ժամկետում որոշում կայացնի հարցը նիստերի օրակարգ մտցնելու վերաբերյալ:
Նա փորձում է էմոցիոնալ դաշտ տեղափոխել, թե ինչքան կարևոր է իր զեկույցը այն դեպքում, երբ 210 էջանոց այդ զեկույցի մի մասն է ընդամենը Աժ նիստում լսվելու, մնացածը քննարկվելու է դռնփակ ռեժիմով: Այնպես որ հանրությունն այսպես թե այնպես չի տեղականա թե ինչ հանգամանքներ է պարզել հանձնաժողովը պատերազմի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում․