Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում. ի՞նչ կլինի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։
Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում արդեն ձեւավորվել է հատուկ PR-խումբ, որի հիմնական առաքելությունը լինելու է լրատվամիջոցների հետ համակարգված աշխատանքը՝ նպատակ ունենալով վարկաբեկել բոլոր ընդդիմախոսներին։ Ըստ աղբյուրների՝ ռազմավարությունը կառուցված է ընդդիմադիրներին «բնում ոչնչացնելու» գաղափարի շուրջ։
Հատկապես նշվում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում կհայտարարեն իրենց մասնակցության մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, անմիջապես կդառնան ՔՊ-ի թիրախը։
Տարբեր տվյալներով՝ իշխանական թիմը պատրաստվում է ներխուժել ընդդիմախոսների անձնական եւ մասնագիտական դաշտ՝ փորձելով վնասել նրանց հեղինակությունը եւ կանխել քաղաքական պայքարի ակտիվացումը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նաեւ պնդում են, որ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ձեւավորվել են մի քանի թիմեր, որոնք առաջիկա ամիսներին մտադիր են հրապարակային հայտարարություններով գալ ընտրական դաշտ։ Իշխանական ռազմավարության շրջանակում հենց այդ թիմերն են համարվում գլխավոր վտանգ, եւ իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի գնալ՝ նրանց քաղաքականապես չեզոքացնելու համար։
Միեւնույն ժամանակ, հակաիշխանական ճակատում գործող քաղաքական ուժերի զգալի մասը գիտակցում է սպասվող զարգացումները եւ պատրաստվում է հնարավոր ճնշումների, այդ թվում՝ քաղաքական ռեպրեսիաների, իրավական հալածանքների եւ նույնիսկ ազատազրկումների։
Չի բացառվում, որ առաջիկայում քաղաքական շրջանակներում սրացումները կթեւակոխեն առավել թեժ փուլ՝ զուգահեռաբար ընթացող գործընթացների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնության հետ մեկտեղ»։