ՄամուլՏեսանյութ

Երևանում թալանել են մի բժշկի մեքենա, ով միշտ օգնության ձեռք է մեկնել մարդկանց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատում է, իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:

Պարզվում է, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:

Ֆոտոլագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Էս մեր թաղամասում գողության դեմը չեն կարողանում առնել: Մի քանի անգամ նմանատիպ դեպքեր են եղել, անգամ բնակիչներից մեկի տնից մոտ 50 հազար դոլարի ոսկեղեն տարան, ամեն անգամ մտածում էինք՝ ոստիկանները կբռնեն, սակայն մինչև այժմ ոչ մի դեպք չի բացահայտվել: 

Էդ օրը, որ իմացանք հերթական գողությունն է տեղի ունեցել, մտքներովս չէր անցնում, որ ճիվաղը կամ ճիվաղները կթալանեն այնպիսի մարդու ավտոմեքենա, ով ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև լավ մարդ՝ հարգանքի արժանի:

Երբեք նրա ու նրա ընտանիքի անդամների կողմից վատը չենք տեսել, նույնիսկ երբ բնակիչներից որևէ մեկը առողջական խնդիրներ է ունենում, ինքը օրվա ցանկացած ժամի հիվանդի կողքին է՝ մինչև շտապօգնության գալը։

Ու ուզում ենք այս անգամ հավատալ, որ գոնե էս դեպքը կբացահայտվի, գոնե կիմանանք՝ ովքեր են այդ տականքները, որ նման քայլի են դիմում»: