Բյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել․ ի՞նչն է պատճառը
Այսօր Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, կոլեկտիվն այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում է, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից:
Ուսուցիչներն ասել են.
«Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում:
Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը:
Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը:
Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի:
Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»: