Մամուլ

Հոկտեմբերի 27-ի դասը. հեղափոխությունը նահանջելու իրավունք չունի

1in.am-ը գրում է․ Այն, ինչ իր վարչապետության չորս ամիսներին փորձեց անել երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը` հեղափոխություն էր բովանդակային առումով: ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ Վաշինգտոնում ունեցած պատմական հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանը ձեռնամուխ էր եղել օլիգարխիկ սեգմենտի ոչնչացմանը: Վազգեն Սարգսյանի գիտակցել էր, որ Հայաստանն այդ բեռով զարգանալ չի կարող և փորձում էր խաղի նոր կանոններ հաստատել: Ռուսաստանն իր իշխանությունը Հայաստանում բանեցնում է օլիգարխիայի և հանցագործ աշխարհի միջոցով և օբյեկտիվորեն չէր կարող հանդուրժել այլ` քաղաքակիրթ համակարգի գոյություն:

1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի է ունեցել հենց քրեաօլիգարխիկ հեղաշրջում, ստեղծվել է ռուսական վասալության բրգաձև մի համակարգ, որը շուրջ քսան տարի ասպատակել է երկիրը` փողոցում քաղաքացիներին գնդակահարելով, բանտերը քաղբանտարկյալներով լցնելով, ի վերջո` երկիրը թալանելով, պետությունից մոտ տաս միլիարդ դոլար գրպանելով ու երկրից դուրս տանելով:

2018-ի ապրիլին, երբ Հայաստանում ծավալվեց թավշյա հեղափոխությունը, այդ համակարգը մարմնավորված էր Սերժ Սարգսյանի դեմքով: «Սերժ հեռացիր» կարգախոսը դեռ իրականություն չի դարձել, որովհետև առայժմ հեռացել է միայն կոնկրետ անուն, ազգանուն կրող անձը` երկիրը թողնելով քրեաօլիգարխիայի ճիրաններում:

Հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմ են հայտարարել ոչ այնքան ու ոչ միայն Սերժ Սարգսյանին, որքան` օլիգարխիային: 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը կհամարվի վարչապետափոխություն, եթե չվերջանա քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմամբ: Միայն այդ պարագայում Հայաստանը կազատագրվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ ստեղծված և Մարտի 1-ի արյունով ամրապնդված համակարգից` կոռումպացված, կեղեքիչ Հայաստանի, ռուսական վասալության հենասյունից:

Ավելի մանրամասը՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել