Մամուլ

«Իմ երկար ապրելու գաղտնիքն աշխատասիրությունն է». 100-ամյա Աքսենյա տատն ակտիվ հետաքրքրվում է քաղաքականությամբ

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի  ամենատարեց բնակչուհին՝ Աքսենյա Հովհաննիսյանն, այսօր տոնում է իր 100-ամյակը: Աքսենյա Հովհաննիսյանը ծնվել է 1918թ. մայիսի 5-ին Ախալքալաքի շրջանի Ազարվեթ գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում Աքսենյա տատիկի կրտսեր տղան՝ Անուշավանը, պատմեց, որ իրենք 7 երեխա են՝ 3 տղա, 4 աղջիկ, մայրն իր ընտանիքի հետ է ապրում: Նա նշեց, որ մայրն ունեցել է դժվարություններով լի մանկություն:

«Ծնողները նրան ամուսնացրել են 14 տարեկանում: Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամուսինը մեկնել է բանակ եւ չի վերադարձել: Պատերազմի տարիներին աշխատել է թիկունքում, հաղթահարելով իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները: 1945-ին նա կյանքը կապել  է հորս հետ՝ համատեղ կյանքում ունենալով  7 երեխա: Մինչեւ Բյուրեղավան տեղափոխվելը մեր  ընտանիքը ապրել է նախկին Սովետական Միության տարբեր քաղաքներում: 1965-ից մինչ օրս ապրում ենք Բյուրեղավանում»,-պատմեց-100 ամյա ժպտադեմ ու համեստ տատիկի փոքր որդին:

Աքսենյա տատի հոգսերը փոքր-ինչ թեթեւացել են, երբ զավակները հասունացել են, աշխատել, ամուսնացել: Նրանք արդեն թոռնատեր ու ծոռնատեր են: Իրենց մորն էլ երեխայի պես են խնամում: Ամուսինը մահացել է 1989թ-ին: Տատն ունի 7 երեխա, 18 թոռ, 39 ծոռ, 4 կոռ: Նրանք են իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հարստությունները. «Իմ ընտանիքն իմ ուժն է, ես նրանցով եմ ապրում: Ուրախանում եմ, երբ հաջողություններ են ունենում, ջղայնանում՝ երբ երեխաներիս, թոռներիս, ծոռներիս ինչ-որ մեկը նեղացնում է: Իմ երկար ապրելու գաղտնիքը իմ աշխատասիրությունն է, ես շատ եմ սիրում աշխատել հողի հետ: Բույսեր ունենք, նրանց հետ եմ խոսում: Իմ երազանքը մեր երկիրը խաղաղ տեսնելն է»,-իր կյանքի մասին պատմում էր Աքսենյա տատը:

Ի դեպ, նա մեծ ուշադրությամբ հետեւել է վերջին ներքաղաքական իրադարձություններին ու շատերի հետ ուրախացել երիտասարդների հաղթանակով: Աքսենյա տատի որդին՝ Անուշավանը, պատմում է, որ մայրը, ինչպես նաեւ ինքը  հատկապես 2008թ-ից հետո ընդդիմադիր են եղել: 2011 թ-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենատարեց անդամն է: Վերջին օրերին ուշի ուշով հետեւել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին եւ շատ ուրախացել երիտասարդների պայքարից. «Ասում էր՝ ես գիտեմ, որ իմ ջահելները հաղթելու են: Էդպիսի մի օր չկար, որ ցույցերին չհետեւեր: Մեզ բոլորիս ասում էր, միացրեք, տենամ, ինչ արեց Նիկոլը: Մայրս շատ աշխատասեր է: Մեր ամառանոցում շատ էր սիրում խնամել բույսեր, էնտեղ օձ ունեինք, գնում էր ու խոսում հետը»,-պատմեց Անուշավանը:

Նրա խոսքով, մայրը թոռներից, ծոռներից ու կոռներից ամենաշատը սիրում է 13-ամյա ֆուտբոլիստ ծոռին եւ ուշիուշով հետեւում նրա հաջողություններին: Ծննդյան անկանկալ տորթի մոմերը փչեց տատիկը՝ մեր երկրին խաղաղություն մաղթելով:

Նյութի աղբյուրը՝ news.am

Կիսվել